Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. քաղաքացիները Կապան քաղաքի Ողջի գետից դուրս են բերել 9-ամյա երեխային, ում տեղափոխել են հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Կենտրոնական փողոցում 9 տարեկան երեխան ընկել է Ողջի գետը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ կժամանեին Կապանի հրշեջ-փրկարարները, քաղաքացիները գետից դուրս են բերել 9-ամյա Գևորգ Մարտիրոսյանին, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Կապանի բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել, իսկ հետո տեղափոխել Կապանի հիվանդանոց:
Նշված հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ քաղաքացիների, ովքեր ճիշտ ժամանակին երեխային դուրս են բերել գետից:
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Կապանի բաժնի հետ բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: