Իրանի խորհրդարանը լիովին սատարում է Հայաստանի հետ կապերի զարգացմանը. Իրանի պատգամավոր
Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացումը կարող է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մոհամադրեզա Արեֆը Թեհրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Իրանի խորհրդարանը լիովին սատարում է բոլոր բնագավառներում հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանը, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նա ընդգծել է Համատեղ տնտեսական հանձնաժողովի կարևոր դերը` հավելելով, որ հանձնաժողովի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արագացված իրականացումը կարող է զգալիորեն բարելավել երկու կողմերի միջև հարաբերությունների մակարդակը:
Հանդիպման ժամանակ Թեհրանում Հայաստանի դեսպանը կարևորել է նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև դրական գնահատական տվել երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների զարգացմանը: