Երևանի Մաշտոցի պողոտայի թունելում շինարարություն է
Առաջիկա 2 ամսում Վեոլիա ջուր ընկերությունը Երևանում Մաշտոցի փողոտայի «Փակ շուկայի» հարակից տարածքում և տրանսպորտային թունելում կկառուցի անձրևաջրերի հեռացման նոր համակարգ: Նախագծի արժեքը 90 մլն ՀՀ դրամ է, կապալառուն՝ «Էմօշին» ՍՊԸ-ն:
Տարածքում նման համակարգ կա, մասնավորապես, թունելում: Սակայն վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ հորդ անձրևների ժամանակ այն ի վիճակի չէ հընթացս հեռացնել առաջացող անձրևաջրերը: Վերջիններիս կուտակումներն այստեղ հետևանք են ոչ միայն նույն Մաշտոցի պողոտայից հավաքվող ջրերի, այլև ավելի բարձրադիր Սարյան ու Պարոնյան փողոցներից սրընթաց իջնող հոսքերի:
Իսկ եթե դրան ավելացնենք, որ այդ ջրերն ու քամին իրենց հետ բերում են տարատեսակ կենցաղային աղբ, օրինակ, պոլիէթիլենե տոպրակներ, որոնք փակում են անձրևընդունիչների ճաղավանդակները, ապա զարմանալի չէ, որ այս տարածքում երբեմն անձրեաջրերի կուտակումներ են նկատվում: Վերջիններս լցվում են ստորգետնյա անցումը, հեղեղում պողոտան ու ներթափանցում թունել, դրանով իսկ խոչնդոտելով տրանսպորտի ու անցորդների երթևեկը:
Խնդրի լուծման նպատակով, ներկայումս կառուցվում է լրացուցիչ 460 մետր երկարությամբ անձրևաջրերի հեռացման նոր համակարգ՝ 500 և 600 մմ տրամագծով երկշերտ ծալքավոր խողովակներից: Սկիզբ առնելով շուկայի հարակից տարածքից, այն կտրում է պողոտան, մտնում է թունել, դուրս է գալիս «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ և, շրջվելով աջ, միանում է «Հաղթանակի կամուրջի» հարակից տարածքով անցնող 800 մմ տրամագծով կոլեկտորին:
Նույն խնդրի լուծման համար, վերջերս Պարոնյան փողոցում ավելացվել է անձրեատար համակարգի թողունակությունը, տեղադրվել են նոր ճաղավանդակներ: Դրա շնորհիվ զգալիորեն կնվազի այստեղից դեպի Մաշտոցի պողոտա հոսող ջրի քանակը, կթեթևանա կառուցվող նոր ցանցի ծանրաբեռնվածությունը ու ջուրն «առանց կանգառի» կգնա-կհեռանա դեպի կոլեկտոր:
Արդեն իսկ փորվել է մոտ 200մ խրամուղի, սկսվել է խողովակների տեղադրումը: Գործն թափով առաջ է գնում: Ճիշտ է, առջևում մի դժվարին հատված կա. խորությունը 3,7 մետր, գրունտը ապառաժ, բայց բազմափորձ շինարարն իր անելիքը գիտի: Նոր անձրևատարը շարք կմտնի ժամանակին:
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն