ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ մարտի 7-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Հադրութի շրջանի հարավային ուղղությամբ:
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ), դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: ԵԱՀԿ առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: