Կառավարությունը ներկրման մաքսատուրքերից 3 կազմակերպության ազատել է
Կառավարությունը բավարարել է սարքավորումների և բաղադրիչների, հումքի և նյութերի ներկրման մաքսատուրքերից ազատելու համար 3 կազմակերպությունների հայտերը: Համապատասխան որոշումը կայացվել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստում: Ծրագիրը ներկայացրել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Մասնավորապես՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն ազատվել է 139,9 մլն դրամ ընդհանուր արժեքով սարքավորումների ներմուծման մաքսատուրքից, «Այ Պլաստ» ՍՊԸ-ն՝ 94,6 մլն դրամ արժողությամբ հումքի ներմուծման համար, «Սաթենկար» ՍՊԸ-ն՝ 183.3 մլն դրամ արժողությամբ հումքի ներմուծման համար:
Նախարարի խոսքով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնն իր ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն ներդրել է 5,5 մլրդ դրամ և մտադիր է ներդրել 140 մլրդ դրամ, որը թույլ կտա շուրջ 70 նոր աշխատատեղ ստեղծել 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով: