Կիպրոսի նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին հայտնում է Cna.org-ը:
Ինչպես հաղորդվում է, այս մասին Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հավատարմագրերը ստանալու արարողության ընթացքում հայտնել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը:
Իր հերթին Չարչօղլյանը ևս ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ ավելացնելով, որ ԼՂ հարցում հայկական կողմը գնահատում է Կիպրոսի սկզբունքային աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք աջակցում ենք մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մշտապես աջակցել է Կիպրոսի դիրքորոշմանը կիպրական խնդրի հետ կապված»,- նշել է Չարչօղլյանը: