Դեղատոմսերի պարտադրանքը կգործի աստիճանական ժամանակացույցով
Այսօր կառավարության նիստում առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը ներկայացրեց դեղատոմսերի ձևերը, դեղատոսմեր գրելու, էլեկտրոնային եղանակով դեղեր բաց թողելու կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը մասնակի կասեցնելու մասին հարցը:
«Խոսքը վերաբերում է մարտի 1-ից ուժի մեջ մտած որոշմանը, որով բոլոր այն դեղերը, որոնք արտադրողի կողմից մակնշված էին, որպես դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղեր, պարտադիր պահանջ էր սահմանվում: Ոսումնասիրելով ստեղծված վիճակը առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց սահմանել, որի հիմքում կդրվի դեղերի ռիսկայնության աստիճանը: Այսինքն, առավել ռիսկային` հոգեմետ և հակաբիոտիկ դեղերը դեղատոմսով բաց կթողնվեն մարտի մեկից: Հաջորդ փուլում` հուլիսի մեկից, պարտադիր պահանջ կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա և արդեն հոկտեմբերի մեկից պարտադիր պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա»,- ասաց Սամվել Մարգարյանը:
Վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել, քանի որ կա տեղեկություն, որ դեղատոմսերը դեղատների դիմաց գրում ու բաժանում են: