Գիտնականի տան տարածքում քանդման աշխատանքներ են սկսվել (լուսանկարներ)
Երևան քաղաքի Մոսկովյան 22 հասցեում շինարարական աշխատանքներ են սկսվել: «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը տեղում արձանագրել է, որ «Գիտնականի տուն» անունը կրող գեղեցիկ շինության տարածքում շինաշխատանքների մասին պաստառ է փակցվել: Ցանկապատված շինության հետնամասում քարեր են կուտակված, հողային աշխատանքներ են կատարվում: Մենք մեկ ամսի առաջ գրել էին, որ շենքը ձեռք է բերել հայտնի մեդիամագնատ, «Քոմեդի քլաբ» նախագծի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Շինարարություն սկսելու մասին պաստառում թերի տեղեկություններ են ներկայացված: Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված պաստառի վրա ընդամենը գրված է. «Շին. թույլտվություն՝ N 01/18-Հ-830-10, տրված՝ 16.02.2018 թ.»: Կառուցապատող ընկերության կամ ֆիզիկական անձի մասին՝ զրո տեղեկատվություն, բացակայում է նաև շինարարության արդյունքում կառուցվելիք շինության նախագիծը: Նշված տեղեկությունները պարտադիր հրապարակման են արժանի, սակայն չգիտես ինչու, դա փորձում են գաղտնի պահել:
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչու է թերի ներկայացված կառուցապատման ազդագիրը: Քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում ասաց, որ սխալմամբ պաստառի վրա գրվել է շինթույլտվություն: Իրականում տրվել է քանդման թույլտվություն: Գևորգյանը հատուկ նշեց, որ քանդման թույլտվությունը չի վերաբերվում շենքին, այլ շենքի բակում գտնվող խիպարներն են քանդման ենթակա: Մեր հարցին, թե ո՞վ է դիմել քանդման թույլտվության համար, Արթուր Գևորգյանը պատասխանեց, որ դիմում ներկայացնողի անուն ազգանունը Լիլիթ Հակոբյան է: Վերջինիս կապը Արթուր Ջանիբեկյանի հետ մեզ չհաջողվեց պարզել:
Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Երևան քաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նոր սեփականատեր ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Մոսկովյան 22 հասցեում տեղակայված «Գիտնականի տուն» կոչվող եռահարկ շենքը գնել է «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը: Տեղեկությունը անձամբ Ջանիբեկյանից ստուգելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան:
Առեղծվածային պատմություն ունեցող «Գիտնականի տուն»-ը 1995 թվականին կառավարության որոշմամբ օտարվել է Հունաստանի կառավարությանը՝ տեղում դեսպանատուն ստեղծելու նպատակով: Մինչև 2016 թվականը հունական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել շենքը պահպանելու ուղղությամբ, որը բավականին անմխիթար տեսք ունի: 2016 թվականի մայիսին Հունաստանի ակտիվների զարգացման հիմնադրամը գեղեցիկ շինությունը վաճառքի էի հանել: