Ինչո՞ւ առանց վարչապետի միջնորդության նախագահը չի կարող պարգևատրում անել.Փաշինյան
Ինչու է պատվավոր կոչումներ և պետական պարգևներ շնորհելու իրավունքը վերցվում ՀՀ նախագահից, երբ ՀՀ Սահմանադրության 136-րդ հոդվածը նախատեսում է, որ ՀՀ նախագահը օրեննքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հարց հարձրացրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց ուղղեց օրինագիծը ներկայացնող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին՝ նշելով. «ՀՀ նախագահն ինքնուրույն առանց միջնորդագրի որևէ պարգևատրում անելու իրավունք ունի՞, թե՞ չունի: Եթե չունի՝ ինչո՞ւ չունի: Սահմանադրությունը սահմանում է, որ ՀՀ նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարգևատրում է ՀՀ շքանշաններով, մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ: Այսինքն սա հստակ նախագահի լիազորությունն է: Ինչո՞ւ եք օրենքը ձևակերպել այնպես, որ հիմնականում առանց վարչապետի միջնորդության նման պարգևատրումներ ՀՀ նախագահը չի կարող անել»:
Ի պատասխան Արթուր հովհաննիսյանն ասաց, որ այո, ՀՀ նախագահն ինքնուրույն չի կարող կոչումներ ու մեդալներ շնորհել. «ՀՀ նախագահին դիմելու իրավունք ունեն 4 անձինք, վարչապետը, ԱԺ նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՍԴ նախագահը: Ինչո՞ւ ինքնուրույն ՀՀ նախագահը չի կարող կոչումներ շնորհել, դա բխում է Սահմանադրության 139-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ ՀՀ նախագահը Սահմանադրության 136-րդ հոդվածով սահմանված դեպքերում կարող է իրավական ակտն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմնին: Այսինքն սրանից բխում է, որ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ ակտի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ նախագահին, այսինքն նա ինքնուրույն չի կարող նման ակտ ընդունել»: