Ֆրենսիս ՄքԴորմանդից «Օսկար» արձանիկը գողացել են (լուսանկարներ, տեսանյութ)
Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը, որից ավելի ուշ արձանիկը գողացել են: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքին:
«Օսկար»-ը գողացողը ոմն Թերի Բրայանթն է, որն արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից: Նրան սպառնում է 1 տարվա ազատազրկում:
Հայտնի է, որ Բրայանթն առանց կաշկանդվելու բոլորին ցույց է տվել գողացված արձանիկն ու առաջարկել ձեռք տալ դրան, լուսանկարվել հետը:
Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները նկատել են նրան:
Պարբերականը մանրամասնում է, որ գողացված արձանիկը հայտնաբերվելուց հետո հանձնվել է «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Գարի Օլդմանին, որն էլ շտապել է «Օսկար»-ը հանձնել իրական տիրուհուն՝ 60-ամյա ՄքԴորմանդին: