Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել. ճանապարհը դժվարանցանելի է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 5-ին՝ ժամը 18:38-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին 7-րդ կմ-ին ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 7-րդ կմ-ին «Շորին ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,04 խմ):
Փրկարարների և «Գորիսի ՃՇՇ»-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ՝ դարձնելով ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի: