40 մլն դրամի հափշտակությունն արվել է պատասխանատու պաշտոնյայի կողմից. Արտակ Զաքարյան
Մենք թիվ մեկ շահագրգիռն ենք՝ Զինված ուժերում ու Պաշտպանության նախարարության համակարգում տեղի ունեցող բոլոր տիպի իրավախատումները բացահայտելու ու դրանց հեղինակներին համապատասխան իրավական պատասխանատվության ենթարկելու: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով վերջերս դատախազության կողմից բացահայտված 40 միլիոնի յուրացման դեպքին, որը կատարվել էր զինված ուժերում:
«Չի եղել մի դեպք, որը համապատասխան ընթացք չստանա: Ցավոք, դրանք դեռևս կան, դեռևս լիարժեք չենք կարող ասել, որ ամբողջությամբ բացառված են նմանատիպ երևույթները, բայց, միևնույն ժամանակ, շատ ինտենսիվ աշխատանքներ են տարվում: Պարբերաբար մամուլում հայտնվում են տեղեկություններ, այս կամ այն զինծառայողի կամ պետական պաշտոնյայի չարաշահումների մասին՝ կապված բանակի հետ: Սա ամենօրյա աշխատանք է, որը պետք է իրականացնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք չի ուռճացնել իրավիճակը:
Նա հաստատեց, որ 40 մլն դրամի հափշտակությունն արվել է պատասխանատու պաշտոնյայի կողմից. «Մանրամասները չասեմ, որովհետև քննությունը դեռևս ընթացքի մեջ է», - ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ վնասը բնականաբար, պետք է փոխհատուցվի. «Ինչը հնարավոր է վերականգնել՝ վերականգնվում է, ինչը ոչ, օրենսդրության համապատասխան վճիռները կայացվում են»: