Չինական կողմի հետ քննարկվել է Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունեց Չինաստանի քաղաքացիական
ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր
տնօրեն Ցզյան Այմինին:
Ընկերությունը հետաքրքրված է Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման
աշխատանքներով և կառուցմամբ:
Ցզյան Այմինը նշեց, որ Չինաստանի առևտրի նախարարությունում կքննարկվի
ծրագիրը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում ներառելու հնարավորությունը:
Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի համար երկաթուղու կառուցման ծրագիրը
ռազմավարական նշանակություն ունի և պատրաստակամություն հայտնեց հարցը
քննարկելու Չինաստանի առևտրի նախարարության հետ:
Ցզյան Այմինն իր հերթին հավելեց, որ քննարկումների դրական ընթացքի ավարտից
հետո պատրաստ կլինեն կատարել ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին
հետագա անելիքների ժամանակացույցի շուրջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն