«R-Էվոլյուցիան խայտառակ մոնտաժի է ենթարկված». Փաշինյանը՝ երեկվա հաղորդման մասին (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ «R-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրն էր: Հաղորդման եթեր գնալուց հետո, պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ այն մոնտաժի էր ենթարկվել.
«Իրականում տեղի է ունեցել հետևյալը․ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույցի ընթացքում հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը 2014 թվականի ապրիլի 10-ին չի հայտարարել, որ խորհրդարանական կառավարման անցման պարագայում ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին:
Ես մի քանի անգամ պնդեցի, որ եղել է նման հայտարարություն։ Սաթիկ Սեյրանյանը շարունակեց պնդել, որ նման հայտարարություն չի եղել ու փորձեց անցնել հաջորդ հարցերին։ Ես պնդեցի, որ կամ նա խոստովանի, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արել է կամ մենք այլ հարցեր չենք քննարկի։
Նա շարունակեց պնդել, թե Սերժ Սարգսյանը չի արել նման հայտարարություն, որից հետո ես վերցրի հեռախոսս, գտա տեսագրությունն ու միացրի։
Հաղորդումը մոնտաժված է այնպես, որ հեռուստադիտողը կարող է չըմբռնել, թե ինչով է պատճառաբանված Սերժ Սարգսյանի հայտարարությունը միացնելը։ Իսկ վերը նկարագրվածը, կարծում եմ առանցքային դրվագ է։
Իսկ ընդհանուր առմամբ հարցազրույցը համարում եմ ստացված։ Կարևոր բաներ հնչեցին եթերից»,- նշել է պատգամավորը: