Ճանապարհային ոստիկանները ակտավորեցին «ընկեր Ստալինին» Երևան-Իջևան ճանապարհին. (լուսանկարներ)
Ճանապարհային Ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարելիս պահպանեն ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, իսկ բեռնատար ավտոմեքենաների վարորդներին էլ, որ երբ շինարարական ապրանքներ են տեղափոխում, պարտադիր պահեն անվտանգության կանոնները։
Այսօր՝ մարտի 3-ին, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Իջևան քաղաքի բնակիչ, 59-ամյա Վազգեն Խաչատրյանը, ով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում КамАЗ մակնիշի 31 ՏՏ 655 համարանիշի բեռնատարը վարել է՝ չպահպանելով անվտանգության կանոնները։
Մեքենան բարձված է եղել ապառաժ քարերով, սակայն ամրակապված չի եղել ու կար վտանգ, որ ոլորաններում քարերը կթափվեին՝ վտանգ առաջացնելով մյուս վարորդների համար։
Shamshyan.com-ի տեղեկություններով, երբ ՃՈ ծառայողները վարորդին հորդորել են, որ նման ապրանք տեղափոխելիս պարտադիր պահպանի անվտանգության կանոնները, վարորդի հետ եղած ուղևորը նեղսրտել է՝ ճանապարհային ոստիկաններին ասելով. «Էկել եք, Ստալինին ավտո քշե՞լ եք սովորեցնում, դուք չգիտեք, որ Ստալինին կանգնացնելով՝ փորձանքի մեջ եք ընկնելու։ Կանգնացրել եք, հերիք չէ, մի հատ էլ վրեն ակտ ե՞ք գրում, դուք հետո կլսեք Կամազի վարորդ Ստալինի մասին»։
Ճանապարհային ոստիկանները, երևի, կհիշեն Ստալինի մասին հայտնի խոսքը՝ «Այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր Ստալինն է տվել»։