Դպրոցում կուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոններ՝ ՃՈ աշխատակիցների մասնակցությամբ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարաններում կազմակերպվելու է ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում: Համապատասխան ծրագիրը հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի փետրվարի 8-ի հրամանով:
Ըստ այդմ, 1-4-րդ դասարաններում ճանապարհներին և փողոցներում աշակերտների վարքի ուսուցմանը յուրաքանչյուր ուսումնական տարում հատկացվում է 10 ժամ: Ուսուցիչը (դասղեկը), արտադպրոցական հաստատության մանկավարժը պարապմունքներին, առանձին զրույցներին, էքսկուրսիաներին կարող են մասնակից դարձնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների, ավտոդպրոցների հրահանգիչների:
Նպատակահարմար է համարվում աշակերտների հետ տարվող պարապմունքներն անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ եւ մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով եւ այլ սարքավորումներով:
Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների եւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը, երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցները:
Ուսուցման և արտադասարանական աշխատանքի ընթացքում նպատակահարմար է ցուցադրել կարճամետրաժ կինոֆիլմեր, էլեկտրոնային տեսանյութեր, կազմակերպել էքսկուրսիաներ, ցերեկույթներ, վիկտորինաներ, հեծանվորդների անվտանգ երթեւեկության մրցումներ եւ այլն: Պարապմունքները կարելի է անցկացնել նաեւ ավտոպարկերում եւ անհրաժեշտ նյութատեխնիկական բազա ունեցող տնտեսություններում:
Յուրաքանչյուր պարապմունքից հետո ստուգիչ հարցերի (թեստերի), առաջադրանքների միջոցով անհրաժեշտ է ստուգել, թե սովորողներն ինչպես են յուրացրել ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները փողոցներում ու ճանապարհներին: Պարապմունքները պետք է գրանցվեն համապատասխան դասամատյանում, որտեղ նշվում է հաճախելիությունը, ուսումնասիրած նյութը: