Կառավարությունն ԱԺ արտահերթ նիստ կգումարի մարտի 5-ին. օրակարգում աղմկոտ օրենքի նախագիծն է
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 27-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` կառավարության օրակարգով: Արտահերթ նիստը կանցկացվի մարտի 5-ին: Օրակարգում մեկ տասնյակից ավելի օրենքի նախագծեր են:
Քննարկվելու է նաև «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի աղմկոտ նախագիծը: Օրենքի այս նախագիծը սուր քննարկման թեմա դարձավ այն պահից, երբ պարզ դարձավ, որ խորհուրդը գլխավորելու է վարչապետը, որը մինչ այս նախագահի գործառույթն է: Խորհրդի կազմում չի լինելու նաև ԱԺ նախագահը և սա այն դեպքում, երբ ՀՀ-ն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին: Անվտանգության խորհուրդը բաղկացած է լինելու վարչապետից, որը ղեկավարելու է այն, փոխվարչապետներից, պաշտպանության նախարարից, Գլխավոր շտաբի պետից, արտաքին գործերի նախարարից, ԱԽ քարտուղարից, ԱԱԾ տնօրենից, ոստիկանության պետից: