ԶԼՄ-ներն իմացել են iPhone-ի՝ 3 նոր մոդել թողարկելու ծրագրի մասին
Apple-ը մտադիր է 2018 թվականի վերջում թողարկել iPhone-ի նոր մոդելներ: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով՝ նոր մոդելի թվում կլինի «խոշորագույն» սմարթֆոնը՝ համեմատած նախորդ մոդելների հետ‚ iPhone X-ի նորացված տարբերակը և սմարթֆոնի բյուջետային տարբերակը:
Մեծ էկրանով նոր՝ «խոշորագույն» iPhone- ը կթողարկվի D33 կոդով: Այն մոտավորապես նույն չափով է, ինչ iPhone 8 Plus-ը, բայց էկրանը դյուիմով ավելի բարձր կլինի:
Ենթադրվում է‚ որ iPhone X-ի նորացված տարբերակի համար կօգտագործվեն նոր սերնդի A12 պրոցեսորները:
Բացի հիմնական գույներից‚ երկու մոդելներն էլ վաճառքում կհայտնվեն նաև ոսկեգույնով: Բացի այդ նշվում է‚ որ «խոշորագույն» iPhone-ը կունենա 2 քարտ տեղադրելու հնարավորություն: Կազմակերպությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցի շուրջ: Հնարավոր է՝ նախապատվությունը տրվի սպասվելիք eSIM քարտին‚ որը թույլ կտա միանալ տարբեր բջջային օպերատորների՝ առանց տարբեր քարտեր օգտագործելու անհրաժեշտության:
Ինչպես հղորդում է գործակալությունը‚ սպասվում է‚ որ Apple-ը պաշտոնապես կհայտարարի նոր սմարթֆոնների մասին այս տարվա աշնանը: Սակայն պլանները դեռևս կարող են փոփոխության ենթարկվել: