Վարչապետի անվտանգության աշխատակիցների մեքենան վթարի ժամանակ Կարեն Կարապետյանին ուղեկցելիս չի եղել. Արամ Արարատյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցների ավտոմեքենան, որը վթարի է ենթարկվել փետրվարի 26-ին, գործադիրի ղեկավարին ուղեկցելիս չի եղել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։
Մամուլի քարտուղարը նշեց նաև, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով մուծել տուգանքները, եթե պարզվի, որ վթարի մեղավորը անվտանգության ծառայողներն են եղել:
Առցանց լրատվամիջոցները հայտնում են, որ փետրվարի 26-ին արձանագրված ավտովթարի մասնակից են եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցները:
Ըստ տեղեկությունների՝ ժամը 11։00-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ հայտնի որպես «Բաբլոյանի խաչմերուկ», բախվել են 35-ամյա Արսեն Բաղդասարյանի վարած Hyundai մակնիշի 084 ԼԼ 50 համարանիշի և 59-ամյա Սուրեն Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի 35 MZ 254 համարանիշի ավտոմեքենաները։
Լրատվամիջոցները նշում են, որ Hyundai-ը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության ծառայությանը։