Վանաձորի «Լոռին» 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատ-Մոսկվայի» դարպասներին
Մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստության շրջանակում Վանաձորի «Լոռին» այսօր` փետրվարի 26-ին, Երևանում ստուգողական հանդիպում է անցկացրել «Արարատ-Մոսկվայի» հետ (նախկին «Ավան Ակադեմիա»):
Հանդիպումն ավարտվել է «Լոռիի» վստահ հաղթանակով, որը 3 անպատասխան գնդակ է ուղարկել երևանյան ակումբի դարպասը:
Խաղի հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացել է Էդգար Մկրտչյանը` տուգանայինից կատարած հարվածով գրավելով «Արարատ-Մոսկվայի» դարպասը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Լոռիի» առավելությունը կրկնապատկել է Արեգ Ազատյանը, որն Արտյոմ Խաչատուրովի կատարած փոխանցումից հետո մեն մենակ է դուրս եկել մրցակցի դարպասապահի դեմ և չի վրիպել: Իսկ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Դարկո Ենոքը, որն անվրեպ է իրացրել իր իսկ վաստակած 11-մետրանոցը:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին խմբի առաջնությունը կվերսկսվի մարտի 5-ին: Լոռին Վանաձորում կմրցի «Արցախի» հետ, իսկ «Արարատ-Մոսկվան» նույն օրը կհյուրընկալվի «Փյունիկ-2»-ի կողմից: