ՊԵԿ-ի կայքում հասանելի է լինելու ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը
2017թ.-ին մաքսային ոլորտում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը՝ նշելով, որ 2017թ.-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 մլրդ դրամ, ինչը 2016թ.-ի համեմատ ավելի է 60.2 մլրդ դրամով կամ 23.4%-ով:
Ըստ նրա՝ արդեն 2018թ. հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով կամ 20%-ով գերազանցում է 2017թ. տարեսկզբի ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը հնարավոր է եղել ապահովել մեքենաների, սարքավորումների և հումքի ներկրման համար սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում:
«Հունվարի 1-ից նոր օրենքի գործարկման արդյունքում 2018թ. հունվարին ներմուծված ավելի քան 13.2 մլրդ դրամի արտադրական մեքենաների և սարքավորումների մաքսային արժեքից չի հաշվարկվել մոտ 2.6 մլրդ դրամի ԱԱՀ: Սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձելու և մի շարք այլ նախաձեռնություններով նվազեցվել է տնտեսվարողների ֆինանսական բեռը՝ նրանց հնարավորություն տալով ավելացնելու շրջանառու միջոցները՝ ուղղելով բիզնեսի հետագա զարգացմանը»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը:
Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017թ.-ից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցրել է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե. «Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվում է ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»: