Առեղծվածային դեպք Լոռու մարզում. հրդեհի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները ունեն կասկածներ, որ հրդեհը միտումնավոր է եղել
Երեկ՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 10 տանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետև մարել այն:
Պարզվել է, որ տան սենյակներից մեկն ամբողջությամբ այրվել է, իսկ մեկ այլ սենյակ էլ՝ մասամբ:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ տունը օգտագործվում է որպես ամառանոց, և այդ պահին գազ և էլեկտրաէներգիա սպառող սարքավորումներ միացրած չեն եղել, ինչն էլ կասկածի տեղիք է տվել ժամանած իրավապահներին ու հրշեջներին, որ հնարավոր է՝ հրդեհը միտումնավոր է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: