Մարտի 1–ի բացահայտումը սկզբունքային հարց է. ՀՀԿ–ական պատգամավոր
Տասը տարվա ընթացքում մարտի 1–ից մեկ կամ հարյուր դրվագ չբացահայտելը դեռ չի նշանակում, որ իրավապահների մոտ չի ստացվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նա պնդել է, թե մարտի 1–ի բացահայտումը չպետք է դիտարկել քաղաքական կամքի հարթությունում, այլ իրավական հարթության մեջ։
«Չեմ կարծում, որ քաղաքականություն ընդհանրապես գոյություն ունի։ Լուրջ աշխատանքներ կատարելու ցանկություն իրավապահների մոտ կա, քաղաքական որեւէ խնդիր գոյություն չունի։ Որեւէ հանձնարարություն գոյություն չունի, ինչպես այդ մասին ասեց դատախազության ներկայացուցիչը»,–ասել է ՀՀԿ–ականը։
Հարցին՝ ինչու չի ստացվում տասը տարվա ընթացքում գոնե մեկ դրվագ բացահայտել, Մելիքյանը պատասխանել է. «Տասը տարվա ընթացքում չբացայտել մեկ կամ հարյուր դրվագ, դա դեռ չի նշանակում, որ իրավապահների մոտ չի ստացվում։ Քննություն է ընթանում»։
Իշխանության ներկայացուցիչը պնդել է, որ մարտի 1–ի բացահայտումը ՀՀԿ–ի համար սկզբունքային հարց է։