Քաղաքաշինության կոմիտեն բանակցում է «Զվարթնոցի» շենքի պահպանման ուղղությամբ
Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեն բանակցություններ է վարում կոնցեսիոների հետ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր շենքի պահպանման ուղղությամբ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 23-ին կայացած ասուլիսում հայտնել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, թե առայժմ հաջողվել է համաձայնության հասնել աշտարակի և շենքի փոքր օղակի պահպանման հարցում, իսկ մեծ օղակի պահպանման հարցով բանակցությունները շարունակվում են։ «Ճարտարապետները հանդես են գալիս հին տերմինալի ամբողջական պահպանման օգտին»,- ասել է Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը edraft.am կայքում քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանի նախագիծը։
Ինչպես նշված է հիմնավորման մեջ ՝ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ-ի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը: Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղևորահոսքի նախատեսվող աճին, բարելավել անվտանգության մակարդակը և համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:
Նշենք նաև, որ այս նոր պլանով նախատեսվում է նստեցման հատվածի ընդլայնում, վազքուղու վերանորոգում, կառամատույցի վերանորոգում, պարագծի ինտեգրված անվտանգության համակարգ, վառելիքալցավորման կայանի արդիականացում, տեխնիկական սարքավորումների զննում և մի շարք այլ նմանատիպ փոփոխություններ։