Առաջարկում ենք նույն համայնքի մի քանի մանկապարտեզները միավորել մի տանիքի տակ, որ լինի մեկ տնօրեն, մեկ հաշվապահ. Լոքյան
Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեց, որոնք իրարից 500 մետր են հեռու, առաջարկում ենք, որ ավելի հեշտ է դրանք միավորվեն մեկ կառույցում, և ունենան մեկ տնօրեն, որ արդյունավետությունը բարձրանա, կրճատվեն ծախսերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման արդյունքներին:
«Ասենք Գյումրիում կա 26 մանկապարտեզ, արդյոք հնարավոր չէ՞ կանոնակարգել այնպես, որ երեք մանկապարտեզը մեկ միավոր դառնան, համայնքը ֆինանսավորի, ունենան մեկ տնօրեն, մեկ հաշվապահ: Սա առաջարկ է, որ փոխանցել ենք համայնքներին: Օրինակ Մեղրիի համայնքն այս առաջարկն ընդունել է: Ենթադրենք ունի պիոներ պալատ, մշակույթի տուն, դրանք բերել է մեկ տանիքի տակ և դարձրել մեկ համակարգ: Այսինքն կառավարման արդյունավետության խնդիր է լուծվում»,-ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ սա միայն առաջարկ է, որոշումը պետք է կայացնի համայնքը, քանի որ փողն իրենցն է, իրենք են ծախսողը: