Ովքեր են Ազգային ժողովի տարածք մեքենաներով մուտք գործող արտոնյալները. ցուցակը գեներալներով չի սահմանափակվում
Ազգային ժողովում շարունակվող բարեփոխումների ֆոնին փորձ է արվում «մաքրել» նաև ԱԺ տարածքն արտոնյալների մեքենաներից, որոնք առաջ հանգիստ մտնում էին ԱԺ այգի՝ խախտելով կանոնները:
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ չնայած արգելքին գեներալներ Մանվել Գրիգորյանի և Սերյան Սարոյանի մեքենաները շարունակում են անարգել ելումուտ անել ԱԺ տարածք:
Պարզվում է, որ արտոնյալների ցուցակը մեծ է: Operativ.am-ի տեղեկություններով արտոնյալների թվում է նաև Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Արտոնյալների թվում է նաև Գալուստ Սահակյանը, ով հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր. «Երևի սովորական պատգամավոր կլինեմ, բայց դե բնական է, որ սովորական չեմ լինի էլի»: Ի տարբերություն «սովորական» արտոնյալների Գալուստ Սահակյանը ոչ միայն անարգել ելումուտ ունի ԱԺ տարածք, այլ նաև լինելով սովորական պատգամավոր օգտվում է հանձնաժողովի նախագահներին տրված իրավունքներից և ԱԺ տարածք է մուտք գործում իրեն հատկացված ծառայողական Toyota Land Cruiser Prado ավտոմեքենայով:
Արմեն Աշոտյանը, ով ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, ի պաշտոնե իրավունք ունի ծառայողական մեքենայով մուտք գործել տարածք, սակայն նրա պարագայում ևս գործում է արտոնյալ լինելու սկզբունքը և նա գրեթե միշտ Ազգային ժողով է գալիս սեփական մեքենայով:
Առաջիկայում կանդրադառնանք նաև այն նախարարներին, ովքեր ևս օգտվում են նշված արտոնությունից: