Արա Բաբլոյանը Լիբանանի նախագահ Մ. Աունի հետ հանդիպմանը կարևորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի անդամներ:
Ողջունելով Լիբանանի Հանրապետության նախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժևորել է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով և հայ համայնքի մեծ դերակատարությամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության և զարգացման գործում:
Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են և լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական կյանքում:
Արա Բաբլոյանը կարևորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը և պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը:
Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան:
Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի և դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարևորել է անվտանգության և կայունության ապահովումը:
Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: