Կառավարությունը ստանձնեց քաղաքացիների էկոլոգիական դաստիարակությունը
Փետրվարի 22-ի նիստում կառավաության հավանությունը ստացավ երկրում էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը: Որոշման նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս ռազմավարության նպատակն է երկրում էկոլոգիական մշակույթի բարձրացումը էկոլոգիական գիտելիքներ տրամադրելով ինչպես նախադպրոցական հաստատություններում, այնպես էլ դպրոցներում և բուհերում: Ըստ որում՝ առաջարկվում է հանրությանը ներգրավել ոչ պաշտոնական և լրացուցիչ էկոլոգիական կրթության գործընթացի մեջ:
«Ռազմավարության մեջ ներգրավվել են նաև կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները, այլ գերատեսչություններ, քանի որ հարցը մեծածվալ է և առնչվում է պետական կառավարման բոլոր ոլորտներին»,- նշեց նախարարը: Նա հավելեց, որ նախատեսվում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում:
Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ այս ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը և անհետաձգելիությունը պայմանավորված են երկրի անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով: Փաստաղթում նշված է, որ էական տարբերություն է նկատվում տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի միջև, ինչի ևս մեկ պատճառը հասարակական էկոլոգիական իրազեկվածության և վարքի չափազանց ցածր մակարդակն է: Էկոլոգիական կրթության և դաստիարակության ռազմավարական նշանակությունը պետք է նշվի կրթական բարեփոխումների շրջանակում, ինչն անհրաժեշտ է շրջակա միջավայրի և տնտեսության անվտանգության ապահովման համար՝ որպես ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
«Էկոլոգիական կրթությունը անհատական ուսուցման, դաստիարակության և զարգացման շարունակական, բազմանիստ ու պարտադիր գործընթաց է: Նրա նպատակն է շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի տեսական ու պրակտիկ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը, ինչպես նաև էկոլոգիական արժեհամակարգի, վարքի և մշակույթի ձևավորումը»,- նշված է հիմնավորման մեջ: