Գյուղացիների համար դիզվառելիքը կսուբսիդավորվի 60 դրամի չափով, իսկ պարարտանյութը կտրվի 7 հազար դրամով. փոխնախարար
Կառավարությունն այսօր՝ փետրվարի 22-ին, իր նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող երեք ծրագիր է հաստատել: Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով, նախ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման ծրագրով Հայաստան կներմուծվի 3000 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր. «Սուբսիդավորման արդյունքում գյուղացիները մեկ պարկը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով: Ծրագրի համար նախատեսված էր 43 մլն 250 հազար դրամ, տնտեսվել է 139 մլն 500 հազար դրամ, որոնք կուղղվեն այլ ծրագրերի իրականացմանը»,-ասաց փոխնախարարը:
Երկրորդ ծրագիրը, ըստ նրա, գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրն է, որով նախատեսվում է մինչև 746 մլն 570 հազար դրամ ծախսել, որից 25 մլրը բարձման, բեռնաթափման աշխատանքների համար, իսկ մնացածով ձեռք կբերվի 2141,5 տոննա սերմ:
Երրորդը դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն է, որ կտրամադրվի 360 մլն դրամ, ձեռք կբերվի մինչև 6 մլն լիտր դիզվառելիք, սուբսիդավորման գումարը կկազմի մեկ լիտրի հաշվով 60 դրամ: «Մինչև 3 հա հողատարածք ունեցողներին կտրամադրվի մինչև 200 լիտր չափաբաժնով»,-ասաց Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով, մատակարարների մեջ կան թե տեղական, թե դրսի ընկերություններ. «Մրցույթի արդյունքում կորոշվի դիզառելիքի գինը, որից 60 դրամ կհանվի սուբսիդավորման արդյունքում»: