ՀՀ-ում կան բուժհաստատություններ, որոնց ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է. վարչապետը հանձնարարեց նոր առաջարկներ ներկայացնել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում Առողջապահության նախարարությանն ու Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկուամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման առաջարկություններ:
«Ես կարծում եմ, որ սա միայն Առողջապահության նախարարությանը չի վերաբերվում: Համենայնդեպս հիմա այս ոլորտը կարգավորենք և քայլ առ քայլ գնանք: Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, լուծումներն ու ֆունկցիոնալ կառուցվածքը:
Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին և չեն արդիականացվել, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին ու պահանջներին»,-ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ ՀՀ-ում կառուցվում են և կան բժշկական հաստատություններ, որի ծախսերի տակից դուրս գալը պրակտիկորեն անհնար է:
«Ընդհանուր օգտագործման մեծ տարածքներ են, բարձր առաստաղներ, դրանից առաջանում է տաքացման խնդիրները, աշխարհում նման բան չկա»,-եզրափակեց Կարապետյանը: