«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները
«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր` փետրվարի 21-ին, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները: Իրեղեն ապացույցներ են ճանաչվել սպանված Հովհաննես Աթանյանի դիակից հանված թվով 6 փամփուշտ, Հովհաննես Աթանյանի հագուստը, սկավառակները, որտեղ առկա են դեպքի օրը «Փարկինգ սիթիի» տեսագրող սարքերի կողմից ֆիքսված տեսագրությունները: Դատարանը չկարողացավ հետազոտել սկավառակները տեխնիկական խնդիրների պատճառով և դրանց հետազոտումը թողեց հաջորդ դատական նիստին:
Ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի շահերի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ դիակի հագուստի առգրավման ժամանակ որպես ընթերակա նշված է Արսեն Դավոյանը, որը չի հայտնաբերվել: Պաշտպանի պնդմամբ, հրազենը նույնպես առգրավվել է առանց ընթերակայի:
Նշենք, որ այսօր դատական նիստին չէր ներկայացել գործով վկա Էդվարդ Սահակյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 6-ը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին ժամը 20:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով տեղում մահացել էր «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):