Գյումրի ԲԿ-ում ծեծկռտուքին մասնակցած բժիշկներին հնարավոր է հեռացնեն աշխատանքից
Քիչ առաջ ավարտվել է Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը: Օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։
Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսեց միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։
Հանձնաժողովականները խստորեն դատապարտել են բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։
Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո(Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։