Կապի օպերատորները կբացահայտեն, թե 911 և 102 համարներին որտեղից է զանգ կատարում քաղաքացին
Կառավարության փետրվարի 22-ի նիստում հավանության կարժանանան էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում փոփոխություն կատարելու տրանսպորտի նախարարության առաջարկը:
Տրանպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած նախագծում նշված է, որ կապի օպերատորը իրավասու է բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի(հաղորդումների) դեպքում։
Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011թ. գործում է «911» ծառայությունը, որն իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ:
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6մլն.-ից ավելի զանգ, և այս ցուցանիշն ունի աճի միտում: Բարեբախտաբար, դրանց գերակշիռ մեծամասնությունը կրում են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%-ից ավելին՝ խնդրահարույց չեն: Սակայն, գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների արձագանքում:
«Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես փոխվում է, երբ «911» օպերատորը հնարավորություն է ունենում տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրոմիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, և այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում»,- ասված է հիմնավորման մեջ: