ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած շրջաններ
Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ծրագրում է որքան հնարավոր է շուտ այցելել այն շրջաններ, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով, որպեսզի իր ավանդը բերի նրա հումանիտար հարթության քննարկման մեջ: Նա այս մասին ասել է Trend-ի հետ հարցազրույցում:
«ԵՄ-ն և ես անձամբ ցավում ենք հակամարտության գոտում մարդկային բոլոր զոհերի համար: Մեր դիտարկումներով՝ ամեն տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի թիվը, որոնցից շատերն անչափ երիտասարդ են, չափազանց վշտացնում է: Ոչ մի հիմնավորում չկա, որպեսզի սա տարեցտարի շարունակվի: Ցավոք, հրադադարի ռեժիմի խախտումները մարդկանց կյանքի ամենօրյա մասն են դարձել, որոնք մոտ են բնակվում զորքերի շփման գծին և միջպետական սահմանին: Չնայած նրան, որ միջադեպերի թիվն անցյալ տարվանից կրճատվել է, սարսափելի միջադեպերը շարունակում են տեղի ունենալ: Զուտ հումանիտար տեսանկյունից սա պետք է դադարեցվի: Սա նաև վնաս է հասցնում բանակցությունների արդյունավետությանը»,- կարծում է Կլաարը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կողմերին մշտապես կոչ է անում խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և զսպվածություն հանդես բերել:
«Մենք կողմերին համառորեն կոչ ենք անում կատարել պայմանավորվածությունները, որոնք նախագահների միջև ձեռք էին բերվել Ժնևում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ, որոնք ի լրացումն բանակցությունների ակտիվացման՝ նաև տեղերում լարվածության թուլացման միջոցառումներ են նախատեսում»,- ասել է հատուկ ներկայացուցիչը: Ժամանակն է նաև կնքել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ տեղերում լարվածության թուլացումը կնպաստի քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի թվի կրճատմանը: Սա նաև կթեթևացնի փոխընդունելի համաձայնագրի ձեռքբերումը և չի ցեմենտի ստատուս քվոն, հավելել է Կլաարը: