Ինքնասպանության փորձ կատարածների 30 տոկոսը երկրորդ անգամ էլ է փորձ կատարում, շատ կարևոր է նրանց հետ աշխատանքը
Ինքնասպանությունների թվաքանակով Հայաստանը գտնվում է շատ բարենպաստ դիրքում՝ 183 երկրներից 152-րդ տեղում ենք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ամբողջ աշխարհում ինքնասպանությունների թիվը հասնում է տարեկան 1 միլիոնի, թե՛ զարգացած, թե՛ հետամնաց երկրներում, ուղղակի պատճառներն են տարբեր: Բարեկեցիկ երկրներում հոգեբանական գործոններն են մարդկանց դրդում ինքնասպանության, իսկ հետամնաց երկրներում՝ աղքատությունը»,- նշեց նա:
Սոցիոլոգի տեղեկացմամբ՝ 2017թ.-ին ՀՀ-ում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ է կատարել 562 մարդ, իսկ ինքնասպանությունը ավարտին է հասցվել 157 դեպքում: Ադիբեկյանի խոսքով՝ սովորաբար ՀՀ-ում 3-4 ինքնասպանության փորձերից 1-ն է հաջող լինում:
Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ հայտնեց, որ ինքնասպանությունները ամենաշատը լինում են 30-65 տարեկան մարդկանց շրջանում՝ հիմնականում սոցիալական խնդիրների հետ կապված, իսկ դեռահասային տարիքում ինքնասպանությունների հիմնական պատճառը միջանձնային հարաբերություններ են:
«Բոլոր ինքնասպանության գնացողները պարտադիր դրա մասին գրում կամ խոսում են: Ամենակարևորը միկրոսոցիումի հարցն է, այսինքն, ընտանիքն է: Մարդն ուղղակի ինքնասպանություն չի կատարում, իրենից բավականին ինֆորմացիա գալիս է: Առաջին հերթին ընտանիքի անդամները, եթե վարքի փոփոխություն են տեսնում, պետք է ահազանգեն դրա մասին»,- ասաց հոգեբանը:
Իրինա Ծատուրյանը նաև նշեց, որ ինքնասպանության փորձ կատարածների 30 տոկոսը երկրորդ անգամ էլ է փորձ կատարում: Այդ պատճառով, հոգեբանը չափազանց կարևոր է համարում ինքնասպանություն փորձ կատարած մարդկանց հետ աշխատանքը:
Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Նշան քահանա Ալավերդյանն էլ, անդրադառնալով ինքնասպանության վերջին դեպքերին, երբ մոր և դստեր մարմինները հայտնաբերվել էին կամրջի տակ, ասաց, որ նման իրավիճակները ահազանգում են՝ անտարբերության այն մեծ շերտը, որ քանի գնում, ավելի է խորանում:
«Մենք սա պետք է ահազանգ դիտարկենք չսիրելու, անտարբերության՝ ցույց տալու, որ մենք իրար քիչ ենք սիրում: Պետք է հասկանալ մի բան, որ մենք կարիք ունենք կյանքի վերաիմաստավորման: Աստվածաշնչային խոսքն ասում է՝ ով որ Աստծուն սիրում է, չի կարող չսիրել իր եղբորը: Եվ, հետևաբար, Աստծուն սիրելը պետք է արտահայտվի մեկս մեկին սիրելու միջոցով»,- նշեց նա: