Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ այլ ծրագրեր կատարվեն. Լևոն Մկրտչյանը
Հայաստանն օրենսդրության պահանջով մինչև 2022 թվականը պարտավոր է անցում կատարել համատարած ներառական կրթության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, 2017 թվականին 4 հատուկ դպրոցներ վերակազմակերպվել են որպես մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնների և հանրակրթական դպրոց է տեղափոխվել 172 երեխա:
«2017-ին սկսեց աշխատել ուսուցչի օգնական հաստիքը, թվով 8300 հատուկ կարիքներով երեխաներին աջակցելու նպատակով աշխատանքի է անցել 520 ուսուցչի օգնական: Ներկայումս ներառական կրթությունն անցկացվում է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: 2018-ին անցում կկատարենք Արմավիրի մարզ, ապա նաև Երևանի համալիր փոփոխությունն ենք սկսելու»,-ընդգծեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նկատեց, որ այս ոլորտում համալիր խնդիրներ կան. «Չի թույլատրվելու, որ հաշմանդամություն ունեցող երեխաների անվան տակ իրականացվեն բոլորովին այլ նպատակ հետապնդող ծրագրեր: Այստեղ ռիսկը բարձրանում է, քանի որ ըստ աշակերտի ֆինանսավորումը բավականին բարձր է: Հաճախ հատուկ կրթության հաստատություններում նկատվում են կեղծ ամրագրումներ կամ սոցիալապես այլ հատվածի երեխաների ներգրավում»,-ընդգծեց նախարարը: