Եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց այս պրոցեսների մեջ նրանց անցնելու խնդիրը հնարավոր չէ լուծել. Գալուստ Սահակյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը «շատ նորմալ է» վերաբերում «Ելք» խմբակցության որոշմանը՝ վարչապետի թեկնածու առաջադրելու մասին: Tert.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանն ասաց, որ իր համար նորմալ է, երբ քաղաքական ուժերը ձգտում են վարչապետի ունենալ և մասնակցում են ընտրություններին:
«Մենք վախենալու որևէ բան չունենք: Եթե ընդդիմադիր ուժը վարչապետի թեկնածու է դնում, շատ լավ է, բայց անցնելու խնդիրը, կարծում եմ, այս պրոցեսների մեջ հնարավոր չէ լուծել»,- նշեց Սահակյանը:
Պատգամավորը նկատեց, որ եթե անգամ «Ծառուկյան» խմբակցությունն էլ սատարի «Ելքի» թեկնածուին կամ նրանք միավորվեն մեկ թեկնածուի շուրջ, միևնույն է, հնարավոր չի լինի, որ «նրանք անցնեն, որովհետև վարչապետն անցնում է ձայների մեծամասնությամբ»: «Մենք ՀՅԴ-ի հետ միասին 63 ձայն ունենք: ՀՀԿ ձայներն էլ բավարար են»,- նշեց Գալուստ Սահակյանը:
Պատգամավորի խոսքով, երբ ժամանակը գա, ՀՀԿ-ն էլ կհայտարարի վարչապետի իր թեկնածուի անունը:
Նշենք, որ օրերս ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ներկայացնելու են վարչապետի իրենց թեկնածուին: Ավելի վաղ, Փաշինյանը նաև չի բացառել, որ հնարավոր է հենց ինքն էլ լինի վարչապետի իրենց թեկնածուն: