Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են. Սերժ Սարգսյան
Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին: Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով, որտեղ նա նշել է.
«Ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է, բայց, կարծում եմ, որ այն նաև կենսագրություն է։ Դա մենք գիտենք սեփական փորձից: Մեր անցած ճանապարհի արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ աշխարհաքաղաքական մրցակցությունը որևէ լավ բան չի բերում։ Հետևաբար նման մրցակցությունից չտուժելն արդեն նշանակում է շահել: Պատմության այս փորձն է ընկած մեր քաղաքականության հիմքում։
Միաժամանակ վստահ եմ, որ Հայաստանի և շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում հայտնվելը և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները գտնվում են հակադրության մեջ, փոքր պետությունների շահերը երբեմն անտեսվում են: Ուստի, մեր խնդիրն է մշտապես մարտահրավերները վերածել հնարավորության՝ համագործակցության և շահերի համադրման միջոցով։
Նախորդ դարի 70-ական թվականներին սկիզբ առավ Հելսինկյան գործընթացը, որի նպատակն էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության ամրապնդումը: Կարծում եմ, որ այն ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում էր, որն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնած հանձնառությունները պետք է իսկապես ապրեն Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ: Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են: Դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին:
Նույնը կարելի է ասել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության շրջանակներում բանակցված բոլոր հանձնառությունների մասին: ԵԱՀԿ տարածաշրջանում պետք է գերիշխի իրավահավասարությունը և համագործակցային մոտեցումը: Միայն այդ ճանապարհով է հնարավոր ամրապնդել համապարփակ ու անբաժանելի անվտանգության՝ Հելսինկիում հաստատված հայեցակարգը»։