Ջրացատկորդները պատրաստվում են Գերմանիայում նոր մրցաշրջանին
Հայաստանի ջրացատկորդները Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցի լողավազանում պատրաստվում են նոր մրցաշրջանին: Փետրվարի 23-25-ը Գերմանիայի Ռոստոկ քաղաքում կկայանա ջրացատկի «Գրան Պրիի» փուլը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ այդ մրցաշարում հանդես կգան Վլադիմիր Հարությունյանը, Վարդան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը: Բայանդուրյանը և Հարությունյանը կմասնակցեն 10 մետր աշտարակացատկին: Վարդանը հանդես կգա նաև 3 մետր ոստնակացատկում, իսկ Հարությունյանը և Սարգսյանն ուժերը կփորձեն սինքրոն ցատկում (10 մետր):
«Ապրիլին նախատեսում ենք մասնակցել Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը (Կիև, ապրիլի 10-15): Անցած տարի ևս մասնակցել ենք այդ մրցաշարին: Այնտեղ տղաներն արդյունքի պատասխանատվություն չեն ունենա, եւ հանդես կգան տարբեր մրցաձևերում: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքականին կմիանա Վլադիմիր Հարությունյանի եղբայրը՝ Ազատը, որը հանդես կգա ոստնակացատկում: Ամենայն հավանականությամբ, եղբայրներն ուժերը կփորձեն նաեւ 3 մետր սինքրոն ոստնակացատկում: Կիեւի մրցաշարը Եվրոպայի առաջնությանը (Գլազգո, Շոտլանդիա, օգոստոսի 3-12) պատրաստվելու կարեւոր փուլ է»,-եզրափակեց Հրաչյա Չանդիրյանը: