Ռուբեն Հայրապետյանի և 6 դատապարտյալների դեմ վարույթը ընդունվել է դատարանի կողմից
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատների ներկայացրած քաղաքացիական հայցը առաջին ատյանի դատարանը ընդունել է վարույթ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը:
Նա նշեց, որ այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մարտին:
Իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հավելեց, որ քրեական գործի քննության ժամանակ նույնպես քաղհայց էր ներկայացվել, որն այն ժամանակ առանց քննության էր թողնվել:
Նշենք, որ քաղաքացիական հայցը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի և Էդգար Նիկոյանի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջների մասին:
Քաղաքացիական հայցն ուղղված է Ռուբեն Հայրապետյանի եւ գործով դատապարտվածների դեմ:
2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Վերաքննիչն անփոփոխ է թողել դատավճիռը, իսկ Վճռաբեկն էլ գործը վարույթ չի ընդունել: