ԱԳ նախարարները քննարկեցին համագործակցության ուղիներ և ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:
Արտգործնախարարները գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա՝ կարևորեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։
Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնան շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Երևանում կայանալիք Ֆրանկորֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները:
Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: