ՌԴ գերագույն դատարանը մերժել է Պուտինի թեկնածության գրանցման վերաբերյալ Սոբչակի բողոքը
Ռուսաստանի գերագույն դատարանը մերժել է նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի բողոքը գործող նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածության գրանցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ Սոբչակի շտաբից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայցը գրանցվել է և քննվել ռեկորդային կարճ ժամկետում: Փետրվարի 14-ին հաղորդավարուհին հայտնել էր հայց ներկայացնելու մտադրության մասին, իսկ արդեն փետրվարի 16-ին Գերագույն դատարանը որոշել է քննել այն:
Սոբչակը փորձել է վիճարկել Պուտինի առաջադրումը չորրորդ նախագահական ժամկետի: «Մի պաշտոնի մի մարդու այդքան երկար գտնվելը սխալ է»,- հայտարարել է նա դատարանում: Նախագահի կին թեկնածուի խոսքով՝ Ռուսաստանում իշխանությունը պետք է սահմանափակվի ժամկետով և պետք է փոփոխվի:
ԿԸՀ-ի ներկայացուցիչները դատարանում հայցվորի պնդումն առ այն, որ չորրորդ նախագահական ժամկետը հակասում է Սահմանադրությանը, անվանել են «ներքին համոզմունք»: