Գնաճի, շուկաների հետ կապված խնդիր կա, բայց ի՞նչ լուծում կա, որևէ մեկը չասաց. Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արտահերթ նիստից առաջ հույս է ունեցել, թե իշխանությունները կվիճարկեն գնաճի ցուցանիշը, որը, ըստ «Ելք»-ի, 21.9 տոկոս է: Սակայն նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձանագրեց, որ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն այս թիվն ամբողջ քննարկման ընթացքում չվիճարկեց: Փաշինյանն աբսուրդային որակեց նաև խորհրդարանում կարագի գնի շուրջ ծավալված քննարկումները:
«Մոսկվայում այսօր կարագը 2500 դրամ է, իսկ ՀՀ-ում՝ 4400: Սա ինչո՞վ է կարևոր՝ մի մոռացեք, որ մենք խոսում ենք նույն տնտեսական գոտու մասին։ Մոտավորապես նույն իրավիճակն է նաև բենզինի ու դիզվառելիքի մասով: Շաքարավազի հետ կապված էլ ասեմ, որ միջազգային բորսայում գներն անկում են ապրել 35%-ով, իսկ ՀՀ-ում անկումը 6.6% է»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ըստ էության, հարց բարձրացրեց այն մասին, որ հաշվառման համակարգի խնդիր կա, ընդհանրապես գնաճի, շուկաների հետ կապված խնդիր կա, բայց ի՞նչ լուծում կա, որևէ մեկը չասաց:
Ինչ վերաբերում է փոցողային պայքարին՝ ցույցերին, երթերին վերադառնալուն, պատգամավորը նշեց, թե իրենք փողոցային պայքարից չեն էլ հեռացել: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ կարող են նույն կերպ շարունակել, սակայն նշեց, որ դեռևս որոշում չունեն:
Հարցին՝ փողոցային պայքարի ճնշումը, որը նպատակ ունեին տեղափոխել խորհրդարան, արդյունք չտվե՞ց, պատգամավորը պատասխանեց. «Այդ փողոցային գործընթացն իր ծավալներով հնարավոր դարձրեց սա, ավելի մեծ ծավալներով ավելի մեծ բան հնարավոր կլիներ»:
Փաշինյանը, անդրադառնալով իրենց խմբակցության հասցեին հնչեցված քննադատություններին, թե «Ելքը» պարզապես զբոսանքի հանեց մարդկանց ու դրանով ոչ մի հարց չլուծեց՝ Փաշինյանն ասաց. «Առնվազն վերջին երկու գումարման ԱԺ պատմության մեջ, սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրել, և այն կայացել է։ Ես չեմ ուզում ասել՝ ՀԱԿ-ը չկարողացավ, «Ելք»-ը կարողացավ»:
Հարցին՝քաղաքացիները հիասթափվելու տեղիք չունե՞ն իրենից, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե ամեն մեկն իր կարծիքն ունի, հիասթափվելու իրավունք յուրաքանչյուրն ունի:
«Ճաշակի հարց է, եթե դուք իմ և իմ խղճի երկխոսությանն եք դիմում, ապա ասում եմ՝ ոչ։ Չեմ բացառում, որ մենք քաղաքական գործունեության ընթացքում սխալներ արել ենք, չեմ բացառում, որ անում ենք ու, ցավոք սրտի, չեմ կարող բացառել, որ կանենք, որովհետև մարդը, անգամ, եթե ԱԺ պատգամավորի կամ ավելի բարձր մանդատ ունի, սխալական է։ Եթե որևէ մեկին հիասթափության առիթ եմ տվել, ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել ու ասել՝ ամեն ինչ կանեմ, որ առաջիկայում ուղղվեմ՝ ինչքան հնարավոր է արագ», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։