Ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա. Փաշինյան
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) սպառնացել է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին:
Փաշինյանի խոսքով՝ նախկին պատգամավոր Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին, վիրավորել նրան, ֆիզիկական հաշվեhարդարի սպառնալիքներ հնչեցրել:
«Սա արդեն նմանատիպ որերորդ դեպքն է, իրո՞ք ՀՀԿ ներկայացուցչները որոշել են մեզ «քուչի» կռվի մեջ ներքաշել։ Այս հարցը պետք է հստակ պատասխան ստանա»,-ասաց նա և հորդորեց չխաբվել նրանց քաղաքակիրթ դեմքերին ու փողկապներին:
Փաշինյանը նշեց, որ դա կապված է Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի ու դրա հետ կապված՝ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունների հետ:
Նիկոլ Փաշինայնը նշեց, թե միջադեպի կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Երևանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ:
«Պարո՛ն Շարմազանով, թույլ տվեք ձեր այդ ձևակերպման հետ չհամաձայնել, քանի որ միջադեպը ցույց տվեց, որ քաղաքապետարանում առնվազն մի քանի ախոռագոմ կա, և զարմանալի զուգադիպությամբ այդ բոլոր ախոռագոմերը զբաղեցնում են ՀՀԿ ներկայացուցիչները»,-ասաց նա:
Փաշինայնի այս հայտարարությունից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ:
Փաշինյանը շարունակեց. «Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է և չի ներկայանում որպես Առաքել Մովսիսյան, այլ ասում է՝ «Շմայսն ա զանգում», դա ստիպում է մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու կարիք կա մասնավորապես նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2 փողոցում»: