Ինքնասպանություն գործած մոր և դստեր մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել (լուսանկարներ)
Երևանի Դավթաշենի կամրջից այսօր՝ փետրվարի 15-ին, նախնական տվյալներով, ինքնասպանություն գործած մոր և դստեր մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել:
2018 թվականի փետրվարի 15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել է երկու դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է Երևան քաղաքի Դավթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա մանկահասակ դստեր՝ ծնված 2009 թ., մարմինները՝ բազմաթիվ վնասվածքներով:
Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամուրջից ընկնելու հետևանքով:
«Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ 37 Գ. և 9-ամյա Ա. Հարությունյանները որոնվում էին որպես անհետ կորած: