Հայտնի է դարձել‚ թե իրականում ինչ տեսք է ունեցել Սուրբ Վալենտինը
Հայտնի է դարձել‚ թե իրականում ինչ տեսք է ունեցել Սուրբ Վալենտինը: Այս մասին հայտնել է «BBC»-ն:
Դա հաջողվել է անել նրա գլխի «3D» սկանավորման շնորհիվ: Վալենտինի մասին քիչ բան է հայտնի. համարվում է‚ որ նա մահապատժի է ենթարկվել փետրվարի 14-ին մոտավորապես 270 թվականին այն պատճառով‚ որ գաղտնի ամուսնացրել է զինվորականներին‚ ում արգելված է եղել ամուսնանալ իրենց սիրելիների հետ: Ենթադրաբար Վալենտինին պատկանող գլուխը պահպանվում է Սանտա-Մարիա-ին-Կոսմեդին բազիլիկ եկեղեցում:
Այդ գլխի սկանավորման արդյունքների հիման վրա բրազիլացի դիզայներ Ցիցերո Մորեսը վերստեղծել է նրա տիրոջ արտաքինը: Սկանավորումն արվել է իտալացի հնէաբանների կողմից 2017 թվականին: Նա փուլ առ փուլ մշակել է դեմքի մկանները‚ մաշկ և վարսեր վերստեղծել: Ողջ գործընթացը մեկ շաբաթ է տևել:
Սուրբ Վալենտինի նոր կերպարը տարբերվում է նրա արտաքինի մասին նախկինում եղած առաջարկություններից: Սովորաբար նրան ներկայացնում էին որպես տարեց տղամարդ: Սակայն վերաստեղծման արդյունքից դատելով՝ նա համեմատաբար երիտասարդ է եղել: