Սրանից լավ հոտ չի գալիս. ԱԳ փոխնախարարը Երևանի ավագանու միջադեպի մասին
Չի կարելի որևէ մարմնի մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպին:
«Իհարկե տհաճ է, չի կարելի, որ որևէ մարմնի, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմնի մակարդակը իջեցնել կեղտաջրերի և քաշքշուկների մակարդակի, դրանից լավ հետ չի գալիս»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներ էին տարել քաղաքապետարան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելու համար: Այս ակցիայով նրանք փորձում էին բարձրաձայնել Նուբարաշենի խճուղում տարիներ շարունակ տիրող գարշահոտության խնդիրը: Երբ ավագանու անդամները փորձում էին տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձեցին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ սկսվեց: ՀՀԿ-ականները հարվածներ հասցրին «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, որն ավելի ուշ հայտարարեց, որ քաշքշուկի ժամանակ ավագանու անդամներից Էդմոնդ Կիրակոսյանը ձեռք է տվել իր կրծքերին և դրա համար էլ հարվածել է նրան: Զարուհի Փոստանջյանն ու խմբակցության անդամները դիմել են իրավապահ մարմիններին: