Հայաստանի թվային փոխակերպման ցուցանիշները բավարար չեն, մենք անտրամաբանական հետ ենք. ՀՀ վարչապետ
Հայաստանի թվային փոխակերպման միջազգային ցուցանիշները բավարար չեն, մենք անտրամաբանական հետ ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով թվայնացման ոլորտում միջազգային վարկանիշներին և գործողություներին:
Նրա խոսքով, Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ:
«Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեններին երկու ամսվա ընթացքում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանն ու առաջընթացի ապահովմանը, մեկամսյա ժամկետում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին Կարեն Կարապետյանը կոչ արեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և օժանդակության տրամադրման համապատասխան մարմինների մասնագիտական գործառույթ: Նա նաև առաջարկեց Ազգային վիճակագրական ծառայության պետին ևս մասնակից լինել այս գործընթացին:
«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ ոչ թե հետ ենք, որ մեր վիճակն է այսքան վատ, այլ որովհետև ուղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք, և ես պարոն Գաբրիելյանին խնդրել եմ բոլոր նման վարկանիշների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որ վաղը մյուս օրը հասկանանք, թե ով է թերացել իր աշխատանքի մեջ»,- ասաց նա: