Տնտեսվարողների համար ավելի մեղմ պայմաններ
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում, համաձայն որի՝ տնտեսվարողների համար ավելի մեղմ պայմաններ են նախատեսված:
Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերությունները շարադրել նոր բովանդակությամբ. «Հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ` բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում»:
Այժմ գործող օրենքով՝ նման խախտման համար նշանակվում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանհինգապատիկի չափով:
Ըստ նախագծի՝ նախազգուշացվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն պարտականության չկատարելը, որի համար նշանակվել էր վարչական տույժ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
Սահմանված խախտման կրկնակի կատարումը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նախագիծը կառավարությունից հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: