«Ձեր քայլը ահաբեկչություն էր երևանցու նկատմամբ». ավագանու անդամը
Երևանի ավագանու Հանրապետական անդամ Հասմիկ Սարգսյանն ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարությամբ հանդես եկավ և հայտարարեց, որ որպես քիմիկոս կարող է հստակ ասել, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից քաղաքապետարան բերված նյութը կոյուղաջուր չէր:
«Ոչ թե կոյուղաջուր էր, այլ պարունակում էր H2S, ինքը թթու էր: Եթե կեղտաջուր լիներ, մենք այս շնչառական խնդիրները չէինք ունենա: Շատերը մեր գործընկերուհիներից սրտթփոց ունեցան, մեր ավագանիներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում, որովհետև սրտի խնդիր ունեցավ: Այսինքն՝ ձեր քայլը ես կվերագրեմ ահաբեկչություն երևանցու նկատմամբ՝ կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող»,- ասաց նա:
Այնուհետև Հասմիկ Սարգսյանը նախատեց «Երկիր ծիրան» խմբակցության անդամներին, նրանց հարց ուղղելով՝ «Այս ի՞նչ արգանդից եք դուք ծնվել, ինչ չարությամբ եք պատվել»:
Այնուհետև Հասմիկ Սարգսյանն ավագանու անդամներին կոչ արեց. «Սատանայական ուժին կկարողանանք մեր դրախտային կերպարանքով, Աստծու կողմից մեզ տրված շնորհքով դիմակայել ու աշխատել ի նպաստ երևանցու»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել և փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին: Մասնավորապես, նրան հարվածել է ՀՀԿ խմբակցությունից Գոռ Վարդանյանը, իսկ ՀՀԿ-ական Էդմոն Կիրակոսյանն էլ քաշել է մազերից ու կրկին հարվածել: